«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:
Այս կապակցությամբ մարտի 25-ին ժամը 13:00 ROYAL GRAND YEREVAN/Երևան հյուրանոցի (հասցեն Աբովյան 14) Օվալ սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս,որին կմասնակցեն աշխարհահռչակ ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը , թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտը, “Հեռանկարներ” փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն և “Հեռանկարներ” փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննսիյանը:
Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Փառատոնը ջանք չի խնայել գերաստղին Հայաստանի հետ ընկերացնելու համար:
Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում : Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:
“Հեռանկարների” շրջանակներում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությմբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը, այլ նշանակալից միջոցառումների շրջանակներում: Փառատոնային տարին կեզրափակվի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգով: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում: